Լրագրողներին են ներկայացվել ինտեգրված սոցիալական ծառայությունների և գիտելիքների կառավարման և հետազոտական ռեսուրսների տեղեկատվական համակարգերը

Նորություններ
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015
  Մայիսի 16-17-ին Աղվերանում տեղի ունեցավ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի վերաբերյալ սեմինար քննարկում, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը, նախարարության աշխատակիցներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
«Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը հասցեական և ինքնաշխատ դարձնելու համար մեկ կենտրոնում տեղակայված կլինեն սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր մարմինները՝ մեկ միասնական ընդունարաններով». ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ քննարկել է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Սեմինարի ընթացքում լրագրողներին է ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, ազգային և տարածքային մակարդակներում կնքվող սոցիալական համագործակցության համաձայնագիրը, ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները, դրանց կառուցվածքը:
«Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներքո ձևավորվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները ապահովելու են դիմումներ ընդունողների և որոշումներ կայացնողների տարանջատվածությունը, նաև համոզված եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կտեսնենք այս համակարգի տեսանելի արդյունքները»,-խոսելով միասնական ընդունարանների հասցեականության և արդյունավետության մասին՝ ընդգծել է նախարարը:
Սեմինարի ընթացքում լրագրողներին է ներկայացվել նաև նոր կայք և էլեկտրոնային գրադարան, որոնք միտված են բարձրացնելու հասարակության սոցիալական իրազեկվածության մակարդակը: Կայքը նպաստելու է հասարակության լայն շերտերին սոցիալական ոլորտին առնչվող արդյունավետ և որակյալ տեղեկատվական աջակցության տրամադրմանը:
Լրագրողները սեմինար-քննարկման ընթացքում հնչեցրել են բազմաթիվ հարցեր կապված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում ծառայությունների մատուցման հնարավոր խնդիրների, դեպք վարողների, սոցիալական աշխատողների դերի և ոլորտի այլ հարցերի վերաբերյալ:

Սեմինարի կազմակերպմանն աջակցել է USAID/PRIP ծրագիրը: